Անկարան փորձում է թուլացնել Բաքվի վրա Մոսկվայի ազդեցությունը: Նման տեսակետ է արտահայտել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը:

«Դե, եթե թուրքական կողմը սկսել է խոսել այնպիսի խոսքերով ու արտահայտություններով, որոնք չեն տարբերվում ադրբեջանական կողմի բառապաշարից, զինում է Ադրբեջանին ու սադրում, դա նշանակում է , որ Թուրքիան նույնպես հակամարտության կողմ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ վերջերս ռուս թուրքական հարաբերություններում որոշակի սրացում է նկատվում, կարելի է ենթադրել, որ այս համատեքստում Անկարան փորձում է թուլացնել Բաքվի վրա Մոսկվայի ազդեցությունը»,- նշել է ռազմական փորձագետը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Ազեր փրես» գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Խուլուսի Ակարը այն հարցին՝ արդյոք Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ համատեղ քայլեր կանեն՝ պատասխանել է «Ամեն ինչ շատ լավ է լինելու: Համոզված եղեք: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ»: Սակայն թուրք գեներալը, այնուամենայնիվ, զերծ է մնացել որոշակի խոստումներ տալուց: