Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ Հայաստանում չկա մարդ, որն իրեն աջակցի։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանը։
«Հարկավոր է ամեն ինչ անել, Սերժից պրծնել։ Դեկտեմբերի 6-ին պետք է կանգնել եւ ասել՝ դու էլ, քո սահմանադրությունն էլ մեզ պետք չեք։ Մենք պտտվում ենք տեղերում։ Ուր եղել ենք, ժողովուրդը շատ լավ է հասկանում, բոլորը գիտեն, որ էստեղ սահմանադրական խնդիր չկա, իրավական խնդիր չկա, ընդամենը Սերժ Սարգսյանը ուզում է շարունակել կառավարել»,- նշել է Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ Հայաստանում չկա մարդ, որն իրեն աջակցի։ «Բոլորն էլ գիտեն, որ միացնելու է կեղծիքի ռեժիմը։ 500 հազար քարտ են բերել, որ առանց գրանցելու ուզում են քվեարկեն։ Սերժ Սարգսյանն առանց կեղծիքի կարո՞ղ է յոլա գնալ։ Որ պահին չկեղծեց, չի կարող կառավարել»,- նշել է Մանուկյանը։
Նրա խոսքով, ընդդիմությանը հարկավոր է ժողովրդի «Ոչ»-ը դարձնել իրականություն։ «Լավ հնարավորություն է ժողովրդի կամքը ցույց տալ, եւ Սերժ Սարգսյանին ցույց տանք իր տեղը»,- ասել է Մանուկյանը։
«Ոչ»–ի ճակատի քարոզչության շտաբի պետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ կարծիքը, թե սահմանադրական հանրաքվեի ելքը վճռված է, եւ այլեւս ոչինչ հնարավոր չի փոխել, սխալ է, քանի որ այսօր, ըստ նրա, Սերժ Սարգսյանի թիմի ներսում նույնպես տարաձայնություններ կան, նրա թիմակիցներից ոչ բոլորն են համաձայն սահմադրական փոփոխությունների հետ, քանի որ հասկանում են, որ դա արվելու է իրենց անձնական իշխանությունների թուլացման գնով՝ իր անձնական իշխանության ամրապնդման համար:
«Դուք կարծում եք` Սերժ Սարգսյանը հենց այնպե՞ս է քարոզչական շտաբի պետ նշանակել Հովիկ Աբրահամյանին` վեց տեղակալներով։ Նա Հովիկ Աբրահամյանին խոստացել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո նա կլինի վարչապետ։ Բոլոր մարզպետները նշանակվել են տարածքային կառույցների ղեկավարներ։ Այս ճանապարհով Սերժ Սարգսյանը ցանկանում է խափանել իր թիմի ներսում սաբոտաժը»,– ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ երկրում առկա է սահմանադրական փոփոխությունների հանդեպ անվտահության մթնոլորտ եւ այս իրավիճակն օգտագործելով հնարավոր է հասնել հանրաքվեի տապալման՝ համախմբելով սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական-հասարակական ուժերին եւ քաղաքացիներին, այդ թվում` միանալ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ։ Զուրաբյանը երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ արեց ակտիվ մասնակցել հանրահավաքներին եւ հանգանակություն անել «Ոչ»–ի քարոզչական հիմնադրամի հաշվեհամարին։





























