ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող՝ «Ոչ»-ի ճակատի ուժերին ոչինչ չի հաջողվի:
«Նրանք ուզում են առաջնորդվել այն սկզբունքով, որ հասարակության մի մասը դժգոհ է եւ այն, ինչ առաջարկում է կառավարությունը, վատ է: Նրանց գործողությունները կառուցված են ոչ ռացիոնալ քայլերի վրա, ոչինչ չառաջարկող են: «Ոչ» նշանակում է մնալ նույն տեղում, ապագայում նույնպես բոլոր պրոբլեմները բարդել գործող համակարգի վրա»,- այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Զաքարյանը:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ «Ոչ»-ի ճակատը քարոզարշավի ընթացքում մեկ ամիս շարունակ հասարակությանը նույն բանն է ասելու, այնինչ իրենք՝ «Այո»-ի ճակատը, մեծ ծավալի աշխատանք ունեն անելու, հասարկությանը իսկապես ասելիք ունեն:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»–ի ճակատը հոկտեմբերի 30-ին Երեւանում հանրահավաք անցկացրեց: Հանրահավաքին մասնակցում էին «Ոչ»-ի ճակատի անդամ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը:
Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է:





























