Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն անձնական մեծ ցանկություն ունի՝ ներգրավվելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի թիվ 195 դպրոցում անցկացվող բաց դասից առաջ NEWS.am-ի թղթակիցը Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի ներգրավվածություն է ինքն ունենալու քարոզարշավի ժամանակ:
«Ես ՀՀԿ կենտրոնական շտաբի անդամ եմ եւ անձնական ցանկություն ունեմ՝ ներգրավված լինելու շտաբի աշխատանքներին՝ որպես ՀՀԿ փոխնախագահ եւ ՀՀ քաղաքացի: Բայց այժմ չեմ ուզում խոսել այս խնդրի շուրջ, քանզի ուսումնական հաստատությունում եմ եւ այլ նպատակով: Պատեհ պայմաններում ավելի մանրամասն կարող եմ խոսել եւ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության, եւ քարոզարշավի աշխատանքների մասին: Հնարավոր է՝ առանձին ասուլիս տամ, որպեսզի տարանջատեմ կրթության եւ գիտության նախարարության աշխատանքն այն աշխատանքից, որի մասն եմ կազմում նաեւ ես»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: ՀՀԿ-ն արդեն ստեղծել է շտաբ, որի աշխատանքները համակարգում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:





























