Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայկական վերածնունդ» միավորումը հանարքվեի քարոզարշավին ընդառաջ շտաբի պետ է ընտրել:
Միավորումից NEWS.am-ին հայտնում են, որ Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացին:
«Հայկական վերածնունդ» միավորման կառավարման խորհուրդը, հիմք ընդունելով նախորդ նիստում ընդունած որոշումը (սահմանադրական փոփոխությունների գործընթացում հանդես գալ որպես առանձին բեւեռ իր շտաբով), շտաբի պետ է ընտրել Թելման Արամյանին, մամուլի խոսնակ` Վահե Մոսինյանին: Շտաբին հանձնարարվել է կառավարման խորհրդին ներկայացնել ընտրական գործընթացով պայմանավորված անհրաժեշտ միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:
Նիստում կառավարման խորհուրդը «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման Տնտեսագիտական վերլուծությունների եւ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ ընտրեց Վիլեն Խաչատրյանին, Իրավական աջակցության եւ խորհրդատվության հանձնաժողովի նախագահ` Վաղինակ Վարդանյանին, Առողջապահության միության նախագահ` Ավետիս Ավետիսյանին եւ Հաշմանդամների միության նախագահ` Ռազմիկ Ռուշանյանին:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կառավարման խորհրդի անդամներին է ներկայացրել հոկտեմբերի 21-22-ին Մադրիդում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին «Օրինաց երկիր» կուսակցության պատվիրակության մասնակցության մանրամասները:
Արձանագրելով, որ վերջին երկու շաբաթների ընթացքում միավորմանն են միացել մասնավորապես «Շողակն» բարեգործական, «Մշտարթուն» կրթամշակութային եւ «Հայ-Ռուսական համագործակցություն» ՀԿ-ները, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը եւս մեկ անգամ հաստատում է, որ բաց է համագործակցության համար եւ կոչ է անում երկրի ապագայով մտահոգ բոլոր հասարակական, քաղաքական կազմակերպություններին միանալու միավորմանը:





























