Ադրբեջանը կլքի Անկախ պետությունների համագործակցությունը, եթե այնտեղ հայտնվեն Աբխազիան ու Հարավային Օսիան: Այդ մասին ադրբեջանական «1news.az» կայքին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Արազ Ալիզադեն:

Ադրբեջանցի քաղաքագետը, մեկնաբանելով ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի հայտարարությունը, թե Աբխազիային եւ Հարավային Օսիային ԱՊՀ-ի կազմում ներգրավելու համար հարկավոր է, որ Համագործակցության բոլոր հանրապետությունները ճանաչեն այդ փաստը, ասել է. «Ադրբեջանը երբեք միեւնույն սեղանի շուրջ չի նստի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատողական հանրապետությունների հետ, այդ իսկ պատճառով էլ, կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա այդ հանրապետություններն անդամագրել ԱՊՀ-ին, ապա մենք այնտեղ որեւէ անելիք չենք ունենա»:

Ըստ քաղաքագետի՝ այդ պետությունները երբեք ԱՊՀ անդամ չեն դառնա: «Ադրբեջանը, կարծում եմ նաեւ Ուկրաինան, Ուզբեկստանը եւ, ընդհանրապես, ԱՊՀ բոլոր երկրները` նույնիսկ Ռուսաստանը, երբեք թույլ չեն տա, որ այդ հանրապետություններն անդամագրվեն ԱՊՀ-ին: Կարծում եմ` Լեբեդեւն այդ հայտարարություններն արել է ի հակադրություն Վրաստանի, թե, տեսեք, դուք դուրս եք գալիս, իսկ մենք Աբխազիային եւ Հարավային Օսիային կընդունենք ԱՊՀ: Սակայն չեմ կարծում, որ դա ԱՊՀ-ի պաշտոնական կարծիքն է»,-նկատել է Ալիզադեն: