Ղարաբաղյան հակամարտության կողմերից յուրաքանչյուրին զինող ցանկացած երկիր փաստացի նպաստում է հակամարտության շարունակմանը։ Այս մասին նոյեմբերի 3-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն։

Կազմակերպության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն անմիջական մասնակցություն չի ցուցաբերում հակամարտության կարգավորման գործում, բայց կան կազմակերպություններ, որոնք դրանով զբաղվում են։ «Իհարկե շարունակվող հակամարտությունն իր ազդեցությունն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն անվտանգության վրա, այլ նաեւ ապագայի եւ տնտեսական առաջընթացի վրա»,- ասել է Լահյուն։

Անդրադառնալով խաղաղապահներ տեղակայելու հնարավորության հարցին՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ դա հետաքրքիր կոնցեպցիա է, բայց այն ՆԱՏՕ-ի նպատակների մեջ չի մտնում։ «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ մյուս շահագրգիռ կողմերը ցանկանան, դա կարելի է քննարկել»,- նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Մամուլի ասուլիսին ներկա ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության եւ սպառազինությունների վերահսկման վարչության պետ Սամվել Մկրտչյանն  ընդգծել է, որ խաղաղապահ առաքելությունը կարող է իրականացվել միայն համաձայնագրի ստորագրումից հետո, եւ դրանից կախված կլինի նաեւ հարցը, թե ով է մասնակցելու առաքելությանը, ինչը պետք է որոշվի բոլոր կողմերի համաձայնությամբ։ «Այսինքն՝ դա ենթադրում է նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը»,- ընդգծել է Սամվել Մկրտչյանը։