Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի ողբերգական վթարի վայրում փրկարարական աշխատանքները Երեւանի ժամով 12:00-ի դրությամբ ավարտվել են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը (ֆոտոռեպորտաժ):

ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի խոսքով՝ այս պահին Տուլայի ոստիկանությունը ճշտում է վթարից զոհված 7 հայ քաղաքացիների ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի:

ՏԿԱԻՆ-ի փոխանցմամբ, ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 համարանիշի ավտոբուսը դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ:

Վերջինս հայտնել է, որ պատահարի հետեւանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ եւ ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:

Ժամը 09:30-ի դրությամբ` ավտովթարի հետեւանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեեւսկի (12 մարդ) եւ Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից  9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Բացվել են թեժ գծեր`

- Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609

- ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսը:

Ինչպես հայտնել է ՆԳՆ Տուլայի մարզային վարչության մամուլի խոսնակ Անդրեյ Յարցեւը, գործը հարուցվել է «Ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու հետեւանքով  անզգուշաբար 2 կամ ավելի անձանց մահ պատճառելու»  հոդվածով: