Տուլայի մարզում վթարի հետեւանքով տուժածներից երկուսը՝ Ապրես Ռուբենի Ասրյանը եւ Հասմիկ Մարտինի Եսայանը, ծանր վիճակում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Տուլայի մարզի կառավարությա առողջապահության փոխնախարար Մարինա Լեւինան:
Նրա խոսքով, Սարգսյան Սերյոժայի վիճակը միջին ծանրության է, նա նույնպես գլխի վնասվածք ունի: Մյուս 3 տուժածները վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը միջին ծանրության է: «Նրանք վերակենդանացման բաժանմունքում են՝ շուրջօրյա հսկողության տակ լինելու համար»,- նշել է Մարինա Լեւինան:
Նա վստահեցրեց, որ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են եւ արվում է ամեն ինչ՝ սարսափելի վթարի հետեւանքով տուժածներին փրկելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ժամը 02:10-ին ՌԴ Տուլայի մարզի Ուզլովսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» մակնիշի ավտոբուսը: Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալներով, զոհվել է: Տուժածները տեղափոխվել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ: Վարորդներից մեկը՝ Գառնիկ Հարությունյանը, ձերբակալված է:





























