Եվրամիությունը հարգում է Հայաստանի ընտրությունը եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նրա որոշումը։ Այս մասին նոյեմբերի 4-ին՝ Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստից առաջ, ասել է Եվրամիության՝ Եվրոպական արտաքին կապերի ծառայության՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության եւ Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը։
Նրա խոսքով՝ տնտեսական տեսանկյունից տարածաշրջանում տարբեր մարտահրավերներ են հայտնվել։ «Ես կցանկանայի ընդգծել, որ Եվրամիությունը առեւտրի եւ ներդրումների առումով դեռեւս Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է։ ԵՄ-ն նաեւ ֆինանսական օգնություն է ցուցաբերում Հայաստանին բարեփոխումներ անցկացնելու համար։
«Նախկինում ես շատ հաճախ էի այցելում Հայաստան. Մենք բանակցություններ էինք վարում ասոցացման համաձայնագրի շուրջ։ Դուք գիտեք 2013թ. այդ պատմությունը։ Ներկայումս մենք նոր մանդատ ենք ստացել ՀՀ-ի հետ նոր, թեպետ նախորդից տարբերվող, բայց ամեն դեպքում նորարարական եւ կարեւոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար»,- հավելել է Վիգանդը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովում Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու շուրջ բանակցությունների մանդատ տրամադրեց։





























