Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիրը շատ կարեւոր փաստաթուղթ կլինի՝ շատ լայն օրակարգով։ Այդ մասին նոյեմբերի 4-ին Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի շրջանակում ասել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի, «Արեւելյան գործընկերության» եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի հետ համագործակցության Եվրոպական արտաքին կապերի ծառայության վարչության տնօրեն Գունար Վիգանդը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կառաջարկվի Հայաստանին հատկապես տնտեսական մասով, Վիգանդը նշել է. «Այդ նույն հարցն ինձ տվեցին, երբ մենք բանակցություններն սկսեցինք Եվրաասոցացման պայմանագրի շուրջ։ Նախորդ համաձայնագրի շուրջ մենք 3,5 տարի բանակցեցինք, բայց դա չստորագրվեց։ Այս անգամ մենք ուզում ենք բանակցություններ անցկացնել եւ համաձայնագիր ստորագրել»։ Բանակցողների համար, ընդգծել է նա, այնքան էլ ճիշտ չէ խոսել փաստաթղթի ստորագրման ժամկետների մասին, որովհետեւ ժամանակային որեւէ սահմանափակում չկա։
«Մենք ուզում ենք լավ, կայուն համաձայնության հասնել։ Ես էական փոփոխություններ չեմ կանխատեսում արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ եւ նույնիսկ տնտեսական եւ ոլորտային համագործակցության մեջ։ Այո, առեւտրին եւ ներդրումներին մոտեցումը տարբեր կլինի, որովհետեւ մենք հարմարվում ենք Հայաստանի քաղաքականության փոփոխությանը, որը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը միանալով», - ընդգծել է Գունար Վիգանդը։
Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով հնարավո՞ր է, որ Ռուսաստանը միջամտի Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին եւ հերթական անգամ ստորագրումը ձախողվի, եվրոպացի պաշտոնյան ասել է. «Ես նման բան չեմ սպասում, որովհետեւ մենք գիտենք, որ Հայաստանը խորհրդակցություններ է անցկացնում ԵԱՏՄ-ի իր գործընկերների հետ, ինչպես օրինակ՝ Ղազախստանի, որի հետ մենք համաձայնագրին վերաբերող բանակցություններ ենք անցկացրել։ Բնական է, որ գործընկերները պարտավոր են հիշել տարբեր համատեքստերում իրենց պարտավորությունների մասին։ Մենք «կամ-կամ իրավիճակում չենք»։





























