ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ նոյեմբերի 4-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Առայան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Առայան, որպես մեր երկրում Նիկարագուայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա միջպետական կապերի զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ փոխգործակցության իրական ներուժի բացահայտմանն ու Հայաստանի եւ Նիկարագուայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Նիկարագուայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկիրը շահագրգիռ է զարգացնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները եւ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը երկկողմ կապերը սերտացնելու համար:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ձեւավորման ուղղությամբ ակտիվ աշխատանքը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Նիկարագուայի փոխշահավետ համագործակցությունը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանումը: