Երեւանում դեկտեմբերի 26-ին թուրք լրագրող Գայե Ջոշարին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանը կարող էր ժամանակին արգելակել եւ կանխել վրաերթը, սակայն չի արել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասել է գործում ներգրավված փորձագետ Խորեն Զաքարյանը:

NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Խորեն Զաքարյանը, իր ցուցմունքում նշել է, որ վրաերթի նախորդող պահին տրանսպորտային միջոցը, որը վարել է  Արամ Գրիգորյանը, երթեւեկել է հեռահար լույսերով. պատճառն էլ այն է եղել, որ տվյալ հատվածը լուսավորված չի եղել, եւ բոլոր ավտոմեքենաները երթեւեկել են հեռահար լույսերով: Սակայն, ամբաստանյալը տեսնելով թուրք լարգրողուհուն գետնին պառկած՝ կարող էր ժամանակին արգելակելով կանխել վրաերթը:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում թուրք լրագրողուհուն վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանը նշել էր, որ կատարվածում իրեն մեղավոր չի ճանաչում:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Գրիգորյանը 2014թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան շուրջ 40 կմ/ժամ արագությամբ վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոցի պողոտայով Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ ՝ ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում։

Քննության նյութերի համաձայն՝ չհասած Մաշտոցի եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` վարորդը երթեւեկելի ուղեմասում պառկած Գայե Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել եւ անզգուշությամբ պատճառել մահ։

Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ թուրք լրագրողը հայ-թուրքական ծրագրերից մեկի շրջանակում 2014թ. նոյեմբերից աշխատում էր Երեւանում եւ ժամանակավորապես բնակվում Թումանյան փողոցում: