Մինաս Ավետիսյանի որմնանկարները փլատակների տակ են ավելի քան 22 տարի. դրանցից շատերը ոչնչացման եզրին են։ Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ահազանգեց արվեստագետի որդին՝ Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը։
Նրան, սակայն, մտահոգություների եւ հոր աշխատանքներից շատերի՝ բարձիթողի վիճակում գտնվելու խնդրի կողքին, ոգեւորում է այն հանգամանքը, որ շատ են մեծ արվեստագետի գործերի ճակատագրով մտահոգված մարդիկ։ «Մեր հայրենակիցներից շատերի վերաբերմունքն ուղղակի ապրեցնում է ինձ։ Նրանցից շատերը զանգահարում, հարցնում են որմնանկարների վիճակի մասին, եւ դա արդեն հրաշալի է»,- նշեց արվեստագետի որդին՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով նաեւ Մինասի աշխատանքների վերանորոգման հարցը հոգացող ՀՀ կառավարությանը։
«1973-ին արված, ռեստավրացիայի նախապատրաստվող «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարներից բացի, Մինասն ունի բազմաթիվ այլ գործեր, որոնք փլուզման եզրին են։ Դրանցից շտապ միամտության կարիք են զգում հատկապես 6-ը»,- տեղեկացրեց մեծ նկարչի որդին՝ հավելելով, որ աշխատանքներից յուրաքանչյուրի վերականգնման համար անհրաժեշտ է շուրջ 15 մլն դրամ։
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն էլ իր հերթին ավելացրեց, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերանորոգման աշխատանքների ավարտից հետո իրենց գերատեսչությունը պատրաստվում է սկսել Մինասի սերնդակից, նրա ընկեր մեկ այլ նկարչի՝ Հովհաննես Մինասյանի (ով ժողովրդի մեջ առավել հայտնի է Օնիկ Մինասյան անունով) գործերը վերականգնելու աշխատանքները։
Ամփոփելով՝ Սոնա Հարությունյունը նաեւ տեղեկացրեց, որ թեեւ Հայաստանում մինչ այժմ ռեստավրացիոն դպրոց չի եղել, սակայն ՀՀ մշակույթի նախարարության եւ Իտալիայի կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա նախատեսվում է նմանատիպ դպրոց բացել արդեն հաջորդ տարի։ «Այդ դպրոցում դասավանդելու են նաեւ իտալացի մասնագետներ, ինչը հնարավորություն կտա ոչ միայն երիտասարդ հայ մասնագետներ պատրաստել, այլ նաեւ կնպաստի փորձի փոխանակմանը»։




























