Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Իգդիրի եւ Աղրըի նահանգներին մոտիկից ծանոթանալու համար ինքնաթիռով ժամանել է Կարս, որտեղ անդրադարձել է Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արվող քայլերին։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, որ Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման համար անհրաժեշտ է, որ լուծվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը։ «Բարգավաճման հասնելու համար անհրաժեշտ է սահմանները բացել։ Հայաստանը եւ Ադրբեջանը բարգավաճման կհասնեն միասին խաղաղության հասնելով։ Նախորդ տարի հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին «Թող խաղաղություն լինի» կարգախոսով։ Արձանագրությունների ստորագրումով բավական դրական զարգացումներ են գրանցվել։ Թուրքիայի արեւելյան սահմանների բացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այդ ուղղությամբ մեր աշխատանքները գիշեր-ցերեկ ընթանում են»-նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Այնուհետ, Թուրքիայի արտգործնախարարը Իգդիրի նահանգապետի հետ մեկնել է Ալիջան-Մարգարա սահմանակետ։



























