Թուրքիայում Իմրալի կղզում ցմահ բանտարկված քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանը իր դատապաշտպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում քրդական հարցի կարգավորումը պետք է իր հետ բանակցությունների միջոցով իրականացվի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։
Աբդուլահ Օջալանը ասել է, որ քրդական հարցի կարգավորման համար, անվտանգության ուժերի հետ 90 օրյա քննարկում է անհրաժեշտ, իսկ զինվորականների հետ քննարկելու համար 45 օր։ Նա հարցրել է, թե 40 միլիոն քուրդ, որ ոտքի կանգնի, Թուրքիան ինչպե՞ս է նրանց դեմը առնելու: Եւ եթե 40 միլիոն քուրդ ոտքի կանգնեց, այդ ժամանակ պետություն չի մնա, իսկ PKK-ն իր որոշումն էլ ինքը կկայացնի։ Օջալանը անդրադարձել է նաեւ Թուրքիայի «Ազգայնական շարժում» (Գորշ գայլերի քաղաքական թեւ) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին, ով խիստ ձեւով քննադատում է Թուրքիայի վարչապետ Էրդողանին՝ քրդական հարցի կարգավորման նախաձեռնության համար։ Օջալանը շեշտել է, որ Բահչելին շատ է խոսում եւ արդյո՞ք չի հասկանում, որ այդքան ուժ չկա։
«Բահչելի, եթե այդքան ուժ ունեք եւ այդքան ձեզ վստահում եք, եկեք ձեզ գլխավոր հրամանատար նշանակենք։ Հավաքեք ձեր ազգայնական բանակը եւ գնացեք մարտի։ Տեսնեմ ինչ եք անելու։ Հիմա դուք ուժ չունեք։ Ընդամենը գոռում-գոչում եք։ Ստիպված եք հասկանալ՝ տեղը եկած ժամանակ ես ձեզանից սրանց հաշիվները կպահանջեմ»,-ասել է Իմրալի կղզում ցմահ բանտարկված, քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանը։



















