Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղարար առաքելությունների մասնակցելով Հայաստանը ՆԱՏՕ-ին օգնել է շատ մարտահրավերների արձագանքել։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ «ՆԱՏՕ-ի շաբաթի» շրջանակում հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի Արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։
Դեսպանի խոսքով, 2015-ին ՆԱՏՕ-ն կճանաչի համաշխարհային մարտահրավերների ամբողջ սպեկտրը։ «Մարտահրավերները շատ են, եւ Հայաստանը մեզ օգնել է արձագանքել այդ մարտահրավերներին՝ Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններում զգալի ներդրման շնորհիվ։ ՆԱՏՕ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի նման երկրների հետ գործընկերության հաջորդ տարիներին։ Շնորհակալ ենք զինվորականներին եւ Հայաստանի կառավարությանը, որ 1994-ից ի վեր հավատարիմ են մնում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանն ու համագործակցությանը», - ամփոփել է Ռիչարդ Միլզը։



























