Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենների գլխավորած պատվիրակությունները նոյեմբերի 6-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն:

Այցելության շրջանակներում պատվիրակությունները հանդիպել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի հետ:

Հանդիպման ընթացքում հայկական կողմը հանդես է եկել Հայաստանի անվտանգության միջավայրի վերաբերյալ բրիֆինգով, որից հետո հյուրերին ներկայացվել է տեղեկատվություն ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ իրականացվող համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Հայաստանի պաշտպանության նախարարությունում հյուրընկալվելու համար` Վիշեգրադյան պատվիրակության ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ հանդիպումը լավ հնարավորություն էր ծանոթանալու Հայաստանի պաշտպանական գերատեսչության աշխատանքներին ինչպես Զինված ուժերում բարեփոխումների իրականացման, այնպես էլ արտերկրի գործընկերների հետ համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: