Ռուսաստանցի քաղաքագետ, Հետխորհրդային տարածքի հետազոտման կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը ադրբեջանական «1news.az»-ին տված հարցազրույցում հայտնել է, թե ՀԱՊԿ-ի մասնակիցներն ընդհանրապես չեն ցանկանում միջամտել միջպետական զինված հակամարտություններին։
«Այդ փաստը շատ է մտահոգում Երեւանին, եւ մեծապես շրջանցվում է Մոսկվայի կողմից, որը նույնպես ցանկություն չունի հանդես գալ ինչ-որ մեկի կողմում հնարավոր զինված հակամարտության դեպքում։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի հետ հակամարտության դեպքում Հայաստանը չի կարողանա հույսը դնել ՀԱՊԿ-ի վրա։ Ավելի շուտ հնարավոր է դիվանագիտական աջակցություն, սակայն դա եւս փաստ չէ՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ երկրները զբաղեցրել են ավելի շատ չեզոք դիրքորոշում նախորդ տարվա օգոստոս ամսվա ռուս-վրացական պատերազմի հարցում»,- հայտարարել է Կարավաեւը։ Վերջինիս խոսքերով, եթե Բաքուն որոշի զինված գործողություն իրականացնել Ղարաբաղի հարցը լուծելու համար, Հայաստանը կարող է մեծ աջակցություն ստանալ ՆԱՏՕ-ի անդամներից։ «Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ն ավելի մեծ հնարավորություններ ունի Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու համար, քան ՀԱՊԿ-ը»,- պարզաբանել է Կարավաեւը։



















