Տավուշի մարզում` Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին նոյեմբերի 5-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վնասված բեռնատարը հաջողվել է դուրս բերել ճանապարհից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Բեռնատարը դուրս է բերվել նոյեմբերի 8-ի երեկոյան:
Նշենք, որ 3 օր էր՝ բեռնատարը չէր հաջողվում հեռացնել ճանապարհից հակառակորդի կրակոցների պատճառով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. նոյեմբերի 5-ին, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից բեռնատար է վնասվել: Դեպքը տեղի է ունեցել Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհին` մինչեւ Բաղանիս գյուղ հասնելը: Կրակոցներից ծակվել են ավտոմեքենայի անվադողերը, վնասվել է շարժիչը:
Դեպքի կապակցությամբ ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Ելդզարովը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (սպանության փորձ, հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով գույքը դիտավորությամբ վնասելը):
Կատարվում է նախաքննություն:





























