Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը հորդորել է ազատամարտիկ, 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին դադարեցնել հացադուլը:
Սեֆիլյանի հորդորում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի Վոլոդյա,
Դու պայքարի մարդ ես եւ չես կարող անտարբեր մնալ, երբ քո Հայրենիքը վտանգված է: Այդ պատճառով մեր երկիրը բռնազավթած վարչախումբը բանտարկել է քեզ, որպեսզի դու չկարողանաս քո հեղինակությունն ու կարողությունները լիարժեք կերպով ծառայեցնել Հայաստանի ազատագրման գործին: Այդ պատճառով դու ընտրել ես բանտային խիստ սահմանափակ պայմաններում պայքարի ծայրահեղ ձեւը՝ հացադուլը:
Սակայն այսօրվա կառավարիչները բարոյականություն չունեն, ուստի նրանց կառավարման պարագայում վերջնական արդյունքի չես հասնելու քո առողջությանը վնասող այդ ծայրահեղ քայլով: Ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի դեպքը ասածիս ամենաթարմ ապացույցն է: Միեւնույն ժամանակ՝ քո հացադուլն արդեն տվել է շատ ավելի ցանկալի արդյունք քո զինակիցների եւ մեր ժողովրդի շրջանում: Մարդիկ մեկ անգամ եւս հիշեցին, որ ազատամարտիկներն անտեսված են, իսկ ժողովուրդը՝ իրավազրկված ու կեղեքված: Դու օգնեցիր նաեւ մեր երկրի ազատագրման գործում ժողովրդի համախմբմանը, քանի որ այս օրերին մենք պատրաստվում ենք մեր հայրենակիցներին ոտքի հանել, որպեսզի նրանք դեկտեմբերի 1-ին, ժամը 18-ին հավաքվեն Ազատության հրապարակում եւ համազգային հանրահավաքի այդ վայրում որոշեն, թե ինչպես ենք հեռացնելու Սերժին ու նրա բանդային եւ ինչպես ենք կառուցելու Նոր Հայաստանը, որի համար կյանք եւ արյուն են զոհաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները, այդ թվում՝ նաեւ դու:
Այս ամենը հաշվի առնելով՝ հորդորում եմ դադարեցնել հացադուլը եւ ուժ հավաքել, քանի որ շուտով մենք շատ մեծ գործեր ունենք անելու մեր երկիրն ազատագրելու եւ շենացնելու ուղղությամբ: Խնդրում եմ նաեւ իմ հորդորը փոխանցիր քեզ հետ միասին հացադուլ անող մյուս ընկերներին, որպեսզի նրանք նույնպես լցվեն արդարության մոտալուտ հաղթանակի նկատմամբ հավատով եւ դադարեցնեն հացադուլը»:





























