Մի շարք կրթական հաստատություններում խախտումներ են հայտնաբերվել եւ առաջարկվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին կարգապահական տույժեր կիրառել այդ հաստատությունների ղեկավարների նկատմամբ:
Այս առնչությամբ, ԿԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում է.
«ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող 5 կազմակերպություններում իրականցված աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները:
Նիստում ներկայացվել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց, Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Երեւանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ-ներում կատարված աուդիտի ընթացքում հայտնաբերված բացթողումներն ու թերությունները: Նիստին ներկա են եղել նաեւ նշված ՊՈԱԿ-ների ղեկավարները:
Քննարկման արդյունքում ներքին աուդիտի կոմիտեի նիստում որոշվել է առաջարկել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին կիրառել կարգապահական տույժ/ խիստ նկատողություն/ Երեւանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ եւ Հրաձգության հանրապետական մարզադպրոց ՊՈԱԿ-ների տնօրենների նկատմամբ, ինչպես նաեւ զգուշացնել մնացած կազմակերպությունների ղեկավարներին՝ ձեռնարկել համապատասխան քայլեր արձանագրված թերացումները շտկելու եւ բացառելու ուղղությամբ:
Շեշտվել է, որ նույն թերացումները հետագայում կրկնվելու դեպքում՝ կկիրառվեն ավելի խիստ կարգապահական տույժեր: Ներքին աուդիտի վարչությանը հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել արձանագրված թերությունների շտկման ընթացքը եւ զեկուցել նախարարին:
Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ ներքին աուդիտի կոմիտեի նախորդ նիստի ընթացքում քննարկված հաշվետվությունների ու հանձնարարականների կատարողականը»:





























