Ընկերները Վոլոդյա Ավետիսյանին հորդորում են դադարեցնել հացադուլը։ Այսօր ` նոյեմբերի 9–ին, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության մեկ տասնյակ անդամներ 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ուղղված նամակ հանձնեցին «Վարդաշեն» ՔԿՀ` իրենց մարտական ընկերոջը հորդորելով դադարեցնել արդեն 10 օր շարունակվող հացադուլը:
«Մենք՝ ազատամարտիկներս, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքացիներ, գտնում ենք, որ հացադուլի Ձեր քայլը լույս սփռեց վաղաժամ ազատման անկախ հանձնաժողովի անօրինական գործողութունների վրա, հացադուլը ծառայեց իր նպատակին: Խնդրում ենք դադարեցնել հացադուլը, քանի որ Դուք վտանգում եք ոչ միայն Ձեր առողջությունը, այլեւ կյանքը, որը ոչ միայն պատկանում է Ձեզ, այլեւ մեր հայրենիքին»,- ՔԿՀ շենքի դիմաց նամակն ընթերցեց նախաձեռնության անդամներից Գագիկ Սարուխանյանը՝ նշելով, որ իրենց հորդորը վերաբերում է նաեւ մյուս հացադուլավորներին:
Նախքան այդ հավաքվածները փորձեցին տեսակցել Վոլոդյա Ավետիսյանին եւ անձամբ հորդորը փոխանցել, սակայն ՔԿՀ-ից նրանց թույլ չտվեցին դա անել:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 30-ին՝ այն բանից հետո, երբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը երկրորդ անգամ մերժել էր իր դիմումը: Նրան էին միացել եւս 7 դատապարտյալ, որոնցից երեքն արդեն դադարեցրել են հացադուլը: Այս պահին հացադուլավորների թիվը 5-ն է:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:





























