ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի միասնական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ իրենց սատարում է ողջ հասարակությունը:
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն դիտարկմանը, թե իշխանությունների խոսքով «Ոչ»-ի ճակատը սակավաթիվ է, Զուրաբյանն ընդգծեց. «Եթե իշխանություններն ազնիվ լինեին, կընդունեին, որ մեր բանակն ամբողջ ժողովուրդն է: «Մենք» ասելով նկատի ունեմ Սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող ամբողջ բանակը»:
Զուրաբյանի խոսքով՝ նախորդ ընտրությունների փորձն ունենալով՝ այսօր հասարակությունը չի ցանկանում մասնակցել հանրաքվեի. դժվար է ընտրակեղծիքներ տեսած մարդկանց համոզել, որ մասնակցեն հանրաքվեն եւ դեմ քվեարկեն:
«Իշխանություններին առնվազն 700 հազար ձայն է հարկավոր, այսինքն իրենց ուռճացրած ցուցակի 25 տոկոսի կողմ քվեարկելը: Կեղծիքի համար իշխանությունները երեք աղբյուր ունեն. ընտրակաշառք, մինչդեռ ռեժիմը ֆինանսական խնդիրներ ունի, բազմակի քվեարկողների շրջիկ խմբեր, որը պետք է կիրառեն Երեւանում եւ Սյունիքում միայն, կամ էլ տեղամասում կեղծ արձանագրություն կազմել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ իշխանությունը կենտրոնանալու է հենց վերջին երկու ընտակեղծիքների վրա:
Խմբակցության ղեկավարը համոզված է, որ ընտրակեղծիքների դեմ կարող է պայքարել միայն ժողովուրդը՝ միահամուռ դեմ քվեարկելով Սահմանադրական փոփոխություններին. «Հասարակական կազմակերպություններն էլ կարող են դիտորդական գործունեություն ծավալել ընտրատեղամասերում: Խմբակցությունները նույնպես ներկայացուցիչներ էլ են ունենալու: Մենք ունենք ներկայացուցիչներ բոլոր տեղամասերում, սակայն այլ խնդիր ունեն. մի տեղամասում ուժեղ ներկայացուցիչ է, գրագետ, մյուսում՝ հակառակը»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:





























