Մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը նախկինի պես ստանալու են միայն աշխատող մայրերը։ Այս մասին նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասել է Սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը։
«Իհարկե պետությունը ցանկանում է մեր երեխաների եւ մեր երկրի ընտանիքների համար անել ամեն բան եւ անգամ ավելին։ Նպաստների ընդլայնման նախաձեռնությամբ հանդես են եկել կին պատգամավորները, ես հասկանում եմ։ Բայց մենք՝ տղամարդ պատգամավորներս, պակաս մտահոգված չենք։ Բայց դրա համար պետք է միջոցներ գտնել։ Եվ անգամ ամենազարգացած երկրներում այնպես չէ, որ այդ նպաստները բոլորն են ստանում»,- ասել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Հայաստանում 18 հազար դրամ է եւ վճարվում է աշխատող ծնողներից մեկին, որը երեխայի խնամքի արձակուրդ է վերցնում։





























