Սոցիալական խնդիրների տակ կքած հասարակությունը մոռացել  է բնության մասին. մարդիկ թեպետ եւ տեղյակ են, թե ինչ միջավայրում են ապրում, սակայն հետաքրքրված  չեն կանխել  իրենց իսկ քթի տակ կատարվող անօրինականությունը:  Երբեմն գյուղի միջով անցնող գետը դառնում է  կոյուղի կամ էլ ամբողջ գյուղն աղբը լցնում է գետը: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ են մարդիկ կտրում այն ճյուղը, որի վրա նստած են: Թվում է, թե տեղեկության մեր դարում բոլորին  է հասկանալի, որ չի կարելի աղտոտել ջուրը, որը կյանքի գոյության առաջնահերթ պայմանն է: Բազմաթիվ խնդիրների  պատասխանը տվել է «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Բնապահպանական խնդիրների իրազեկումը որպես առկա խնդիրների կարգավորման գրավական» ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում: Հետազոտությունից  ակնհայտ է դառնում մեր հասարակության վերաբերմունքը բնապահպանական խնդիրների վերաբերյալ, նաեւ որքանով են իրազեկ դրանց մասին: Այդպիսով՝ ծրագիրը  ներառում է «Հանրության իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ» սոցիոլոգիական հետազոտության իրականացում, որի նպատակն է՝  բացահայտել ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության ընկալումը:

Բնապահպանական շարժումները թվում է, թե կարողանում են հասարակական տրամադրություն ստեղծել, մինչդեռ հարցումներից պարզ  է  դարձել, որ քանի դեռ խնդիրը սոցիալական չէ, հասարակությունը չի ցանկանում բողոքի ձայն բարձրացնել: Սոցիոլագիական հետազոտության մասնակից փորձագետը նշում է , որ Հայաստանում միշտ էլ կա ռեսուրսների խնդիր: «Կրճատում են ջրային եւ անտառային ռեսուրսները, որից մարդիկ արդեն չեն կարողանում օգտվել կամ, եթե օգտվում են, այնտեղ լրիվ ուրիշ պատմություն է սկսվում: Չկա անտառների ճիշտ կառավարում: Իսկ  ջրի հարցը ամենացավոտն է, քանի որ, եթե դու ջուր չունես, ուրեմն արդեն կյանք էլ չունես:  Դա նաեւ  էկոլոգիական խնդիր է, ուղղակի մարդը կարող է դա  չհասկանալ:  Թեպետ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն դա չեն համարում էկոլոգիական պայքար : Օրինակ, մի գյուղ ունեցել է սեփական ջուրը ինչ -որ աղբյուրներից, հիմա գյուղապետը ջուրը գցել է խողովակի մեջ ու դարձել  այդ գյուղի §վիշապը»:  Հիմա ջրերի նախագահը տվյալ շրջանի ամենահարուստ մարդն է, «ավտարիտետ», -ասում  է փորձագետը: «Մարդիկ դուրս են գալիս փողոց, բողոքում ու պայքարում ռեսուրսի համար: Ռեսուրսի կառավարումը շատ բարդ խնդիր է եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական եւ՛ էկոլոգիական առումով»,-  հավելել է փորձագետը:

§Հեռանկարային զարգացման կենտրոնը¦ կատարել է որակական եւ քանակական հետազոտություն, որին մասնակցել է 1600 քաղաքացի,  որից  560՝ մայրաքաղաքում եւ 1040՝ մարզերում: Որակական հետազոտության ընթացքում կատարվել է  նաեւ փորձագիտական հարցում: Ըստ ուսումնասիրության տվյալների  պարզվել է, որ  հասարակության հետաքրքրվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ բավականին ցածր է:  Մենք բնության մասին սկսում ենք մտածել, երբ այն ուղղակի առնչվում է մեզ:  Քանի դեռ  այդ ուղտը մեր դռանը չի չոքել, դա մեր խնդիրը չէ, գրեթե այդպիսինն է եղել պատկերը: Շատ դեպքերում կողք կողքի ապրող երկու գյուղերը տեղյակ չեն միմյանց խնդրի մասին կամ էլ տեղյակ լինելու դեպքում  չեն աջակցում միմյանց:  «Սյունիքի մարզի Լիճք  գյուղում շատ քիչ բնակիչ է ապրում, դպրոցում 5 երեխա է սովորում: Նրանք բողոքում էին, որ իրենց ջուրը մի քանի տարի է անցնում է ազբեստի խողովակով, իսկ ազբեստը արգելված նյութ է: Գյուղապետը տեղյակ էր  անգամ Բազելյան կոնվենցիայի մասին,  եւ ասում է՝ պատկերացնում եք մենք խմում ենք մի ջուր, որն արգելված է Բազելյան կոնվենցիայով: Հարեւան գյուղերն ապրում են իրենց խնդրով, բայց տեղեկությունը բավականին տարածված է: Մարդիկ ունեն շատ ցածր սոցիալական մակարդակ, նրանք ուժ չունեն պայքարելու,  զբաղված են օրվա հացը վաստակելով: Մարդկանց մակարդակը բավականին իջել է: Հավեսը փախել է, երիտասարդությունը դուրս է եկել, ովքեր էլ,  որ  մնացել են, չեն էլ ուզում լսել դրա մասին: Նրանք հոգնել են, եթե անգամ բարձրաձայնում են խնդիրների մասին, միեւնույնն է՝ լուծում չկա: Նրանք տեսնում են, երբ մի ծրագիր է իրականացվում գյուղում, այդ ծրագրից պետք է օգտվի գյուղապետը, բարիքները ժողովրդին չեն հասնում, դրա համար էլ հավատը կորչում է»,-չակերտներն են բացում հարցման մասնակից փորձագետները:

Հարցման մասնակիցները առավել քիչ տեղեկացված են  Հայաստանի տարածքների անապատացման խնդրի մասին՝ 70.0%, Արարատյան դաշտի արտեզյան ջրային ռեսուրսների գերշահագործման խնդրի մասին`69.4%, փոքր ՀԷԿ-երի շահագործման խնդրի մասին`67.8% եւ արգելոցներում կենդանական եւ բուսական տեսակների պահպանման խնդրի մասին` 65.8%: Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրների վերաբերյալ անտեղյակ է, կոպիտ հաշվարկով՝ մարդկանց 70 %: Հասարակությունն առավել տեղյակ է  եղել շրջակա միջավայրի,  համայնքների  (քաղաքներ,  գյուղեր)  աղտոտվածության խնդրի վերաբերյալ ՝ 75,8%: Ոռոգման ջրի բաշխման եւ սակավության խնդրի վերաբերյալ տեղեկացված է հարցման մասնակիցների  64,8%-ը:   Ձկան պաշարների քչության խնդրի եւ օդի աղտոտվածության խնդրի մասին հասարակության տեղեկացվածության մակարդակը նույնն է`  64,1%: Հետաքրքիր ցուցանիշ է ստացվել անտառների տարածքների կրճատման խնդրի մասին: Պարզվում է վերջին 20 տարում ամենաակտիվ քննարկված ու լուսաբանված անտառների հատման մասին տեղյակ է բնակչության միայն մի մասը՝ հարցվողների 55.9%-ը եւ տեղեկության առաջնային աղբյուրը նշել է հեռուստատեսությունը՝ 44.9%:  Բնական է, որ հասարակությանը պետք է իրազեկեն  ԶԼՄ-ները, կրթական համակարգը , պետական եւ հասարակական կառույցները, բնապահպանական շարժումները:  Սակայն կախված հարցի հնչողությունից՝  ԶԼՄ-ները  ոչ բոլոր խնդիրերն են խորքային լուսաբանում կամ ընդհանրապես չեն լուսաբանում, եթե կա շահերի բախում: Հարցման փորձագետը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի հետ կապված մի միջադեպ:  «Հանքարդյունաբերությունը սկանդալային ոլորտ է, քանի որ մեծ ռիսկ է պարունակում: Գիտենք, թե ինչպես են աշխատում սեփականատերերը: Մարդկանց փող են բաժանում կամ ընդհանրապես փող չեն տալիս: Օրինակ Թեղուտի դեպքում, մարդկանց հողի 1 քառակուսի մետրը  գնահատել են 35 դրամ:  Ամուլսարի դեպքը, որտեղ պետք է ֆաբրիկա կառուցվի, մարդիկ ունեցել են այգիներ, բայց թելադրողն է եղել Համաշխարհային բանկը եւ Եվրոպական բանկը, դա շատ սկանդալային նախագիծ է, մարդիկ արդեն դիմել են դատարան»,- ասել է զրուցակիցը: Իսկ, թե ինչու ԶԼՄ-ներն ակտիվ չեն լուսաբանել ու իրազեկել հանրությանն իրենց իրավունքների մասին, դա արդեն առանձին հետազոտության նյութ է: Մինչդեռ  հասարակությանն իրազեկելու բուն պարտականությունը պետական կառավարման մարմնինն է: Այստեղ էլ փորձագետները պետական կառավարման օղակների աշխատանքը գնահատել են բացասական` նշելով, որ Բնապահպանության նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները հասարակության չեն իրազեկում խնդիրների եւ նախատեսվող կամ ընթացիկ բնապահպանական ծրագրերի վերաբերյալ,  նաեւ այն ծրագրերի, որոնք իրենց բնույթով բնապահպանական չեն, սակայն այս կամ այն չափով կարող են վնաս հասցնել բնությանը, շրջակա միջավայրին:

Ալինա Պողոսյան

Հեռանկարային զարգացման կենտրոն ՀԿ