Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգի բանտերից մեկի բանտարկյալներն իրենց չեն զրկել այնպիսի ուրախություններից, ինչպիսիք են խորոված պատրաստելը եւ ֆիլմերի դիտումը։ Երեքշաբթի տեղի իշխանությունների ստուգման արդյունքում ուղղիչ հաստատության խցիկներից առգրավվել են այնպիսի առարկաներ, որոնց ներկայությունը չի համապատասխանում պատժի իրականացման վերաբերյալ պետական օրենսդրությանը։  

Խոսքը մանղալի մասին է, երկու DVD-նվագարկիչի, 15 բջջային հեռախոսի եւ  կանխիկ 5 հազար բրազիլական ռեալի (մոտ 1300 դոլար)։ Խուզարկությանը  140 ոստիկան եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է մասնակցել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

Բրազիլական բանտերում ստուգումներ են անցկացվում անցած շաբաթվա կեսից, երբ նման հաստատություններից մեկի բանտարկյալները հարձակվել էին Դանիել Բարբոսա դե Սոուզա անունով դատավորի վրա։  Նա մտադիր էր ստուգել այն տեղեկությունը, ըստ որի այդ հաստատության տարածքում աղմկալի երեկույթներ են տեղի ունենում, բայց ստիպված էր եղել փախուստի դիմել։ Անվտանգության աշխատակիցները չեն կարողացել զսպել ագրեսիվ խմբավորմանը։ 

Հաջորդ օրը հարձակման կազմակերպիչներին ուժեղացված հսկողությամբ տեղափոխել են մեկ այլ բանտ, իսկ ստուգող մարմինները զարմանքով հայտնաբերել են, որ այն խցերը, որոնցում իրենց պատիժն էին կրում  «ամենահամբավավոր» հանցագործները, իրենց հարմարավետությամբ եւ բարձրաճաշակ դիզայնով ավելի շատ հյուրանոցային համար են հիշեցնում։ Մասնավորապես բանտարկյալների տրամադրության տակ տեսախաղերի համակարգեր կային, կաբելային հեռուստատեսություն եւ մինի-բար։