Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունն առաջին անգամ կանանց թույլ կտա ինքնապաշտպանության օդուժի կործանիչների օդաչու դառնալ։  Ինչպես չորեքշաբթի հաղորդել է Kyodo գործակալությունը, նման միջոցներ ձեռք են առնվում կին աշխատողների թվի ավելացման վերաբերյալ ավելի վաղ ընդունված օրենքին համապատասխան։  

Ենթադրվում է, որ այդ կանանյք կթռչեն  F-15 եւ F-4 կործանիչներով։ Դրա համար նրանց անհրաժեշտ կլինի եռամյա պատրաստության դասընթաց անցնել։  Նշվում է, որ Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը իր որոշումն ընդունելիս առաջնորդվել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

Ճապոնիայում կանայք ծառայում են ինքնապաշտպանության ուժերի օժանդակ ստորաբաժանումներում եւ որպես բուժաշխատողներ։  Նրանցից ոմանք օդաչուի արտոնագիր ունեն եւ նրանց թույլատրված է թռչել տրանսպորտային եւ պարեկային օդանավերով, որոնց բեռնվածությունը, ի տարբերություն կործանիչների, այնքան էլ մեծ չէ։  

Օգոստոսի վերջին Ճապոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որն ուղղված է աշխատող կանանց թվի ավելացմանը։ Իշխանությունները նման միջոցներն անհրաժեշտ են համարել բնակչության արագ կրճատման պայմաններում։ 

Նոր փաստաթղթի համաձայն, որն ուժի մեջ կմտնի եկող տարի եւ կգործի մինչեւ  2026 թիվը, խոշոր ընկերությունները, ինչպես նաեւ պետական հաստատությունները պարտավոր կլինեն կանանց որոշակի տոկոս ընդունել ինչպես սովորական, այնպես էլ ղեկավար պաշտոնների։ Նոր թվեր առաջ չեն քաշվել, սակայն ամենայն հավանականությամբ որպես կողմնորոշիչ կընտրվի Սինձո Աբեի առաջարկը, որը բազմիցս որպես նպատակ է հռչակել մինչեւ 2020-ի Տոկիոյի Օլիմպիական խաղերը կին ղեկավարների թիվը մինչեւ  30 տոկոս հասցնելը։