Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախկին միջնորդ, շվեդ դիվանագետ Յան Էլիասոնը կարծում է, որ հակամարտության կարգավորման մոդել կարող է դառնալ «ինքնավարություն պլյուս» կամ «անկախություն մինուս» բանաձեւը։
«Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում Յան Էլիասոնը, որը 1993-1994թթ. ղեկավարում էր Մինսկի խումբը, իսկ ներկայումս ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալն է, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային իրավական սկզբունքները (տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք) հակասում են իրար։
«Ես նույնպես տարածքային ամբողջականության կողմնակից եմ, բայց դուք պետք է այնպիսի կարգավիճակ առաջարկեք, որն ընդունելի է բոլորի համար... Լեռնային Ղարաբաղի ապագայի համար ընդհանուր տեսլական պետք է լինի։ Երբ այդ տեսլականը (կարգավիճակ) գտնեք, ամեն բան իր տեղը կընկնի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ անկեղծ քննարկումների անհրաժեշտություն կա։
«Քաղաքական առաջնորդները պետք է հասկանան, որ իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում, եւ տարիների հետ այն ավելի ու ավելի վատ է դառնալու»,- նշել է նա։
Անդրադառնալով 1990-ական թթ. սկզբին հակամարտության միջնորդ լինելու իր աշխատանքին՝ Էլիասոնն ասել է, որ այդ տարիներին Ղարաբաղի ինքնավարության շուրջ բաց քննարկումներ էին ընթանում կողմերի լիակատար համագործակցության պայմաններում, չնայած ինքնավարության տեսլականը կողմերի համար էապես տարբերվում էր։
«Ներկայումս ես այնքան էլ հպարտ չեմ այն ժամանակ ձեռք բերած հրադադարի համաձայնագրով, քանի որ հիմնական խնդիրը մնում է չլուծված։ Չկա խաղաղություն առանց զարգացման եւ չկա զարգացում առանց խաղաղության»,- փիլիսոփայորեն եզրափակել է Յան Էլիասոնը։




























