Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերությունների կողմից այս պահի դրությամբ օրենքի ոչ մի խախտում տեղի չի ունեցել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՌԱՀ-ը հոկտեմբերի 10-ից բոլոր հեռուստաընկերությունների մշտադիտարկում է սկսել:

 «Ընթանում է բավական հաջող քարոզարշավ, գրեթե հավասարաչափ ժամանակ է տրամադրվել երկու կողմերին էլ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ պետք չի շփոթել օգտագործված ժամանակը եւ հավասար պայմանների ապահովում հասկացությունները:

«Օրենքը պարտադրում է հավասար պայմաններ ստեղծել երկու կողմերի համար, բայց նաեւ մի կողմի չմասնակցությունը քարոզարշավին չի արգելում լրատվամիջոցներին լուսաբանել մյուս կողմին: Բարեբախտաբար երկու կողմերն էլ ակտիվ օգտվում են բոլոր հնարավորություններից»,-ասել է Մկրտչյանը:

Անդրադառնալով փաստին, որ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Հանրային հեռուստատեսությամբ քարոզչական բնույթի հաղորդաշար է վարում, ՀՌԱՀ անդամը նշել է, որ դա եւս օրենքի խախտում չէ:

«Ես դիտել եմ այդ հաղորդումը եւ կարծում եմ, որ միակ սուբյեկտները, որ կարող էին բողոք ներկայացնել ՀՌԱՀ, դա հենց հաղորդմանը հրավիրված անձիք էին: Նրանք դա կարող էին անել, եթե հաղորդման ընթացքում հաղորդավարը նրանց թույլ չտար արտահայտել իրենց տեսակետները: Սակայն, մենք բոլորս տեսանք, որ հաղորդմանը մասնակցող Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի եւ «Ոչ»-ի ներկայացուցիչներին լիովին հնարավորություն տրվեց արտահայտելու իրենց կարծիքները»,- ընդգծել է Մկրտչյանը: