Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կարճատեւ այցով ժամանել է Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, հաղորդել է թուրքական Zaman թերթը:

Սեպտեմբերի 1-ին նա հանդիպել է Նախիջեւանի ղեկավարության հետ եւ հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հերթական անգամ հայտնել է ադրբեջանցի լրագրողներին, որ պաշտոնական Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության ամրապնդման օգտին եւ ջանքեր է գործադրելու այդ ուղղությամբ: «Բայց խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է վերջ դնել Ադրբեջանի տարածքների զավթմանը»,- ասել է Դավութօղլուն:

Նախարարը նշել է, թե լինելով Կարսում եւ Իգդիրում, նա իր պարտքն է համարել այցելել իր ադրբեջանցի եղբայրներին Նախիջեւանում: «Ադրբեջանցիների խնդիրը Թուրքիայի խնդիրն է, եւ մենք միշտ կաջակցենք մեր եղբայրներին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Դավութօղլուն այցելել է Հայաստանին սահմանակից տարածքներ: Բնակչության հետ զրույցում նա սահմանի փակման մեղքը գցել է հայկական կողմի վրա: