Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի նոյեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Լոռու մարզի Թումանյան քաղաքում եւ Արագածոտնի մարզի Բյուրական եւ Անտառոտ համայնքներում:
Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը Թումանյանում նախատեսվում է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 12-ը, իսկ Բյուրականում եւ Անտառոտում` մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը, նշված համայնքների բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:
«Beeline-ը շարունակում է ընդլայնել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների աշխարհագրությունը` դրանք հասանելի դարձնելով Հայաստանի մարզերի ավելի մեծ թվով բնակիչների համար: Միեւնույն ժամանակ մենք շարունակում ենք աշխատել նաեւ ֆիքսված ցանցի արդիականացման ուղղությամբ` ձգտելով համատեղել մատչելի սակագները որակյալ կապի հետ: Թվայնացման աշխատանքների ավարտից հետո Լոռու եւ Արագածոտնի մարզերի եւս երեք համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան օգտվելու ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի մեր պարզ եւ հարմար ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 6 բնակավայրի հեռախոսային ցանց եւ մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 832 նոր պորտ: Իսկ 2014 թ. ընկերության ձեռքբերումներից է ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը։





























