ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր մեկ տասնյակ համակիրների հետ այսօր` նոյեմբերի 12-ին, նամակ հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով` հորդորելով հրաժարվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կազմակերպելու հանձնարարականից:
«Մենք հորդորում ենք չանել մի բան, որ հակասում է մեր գործող սահմանադրությանը: Մեր պարտքն ենք համարում հանձնաժողովին տեղեկացնել, որ այս հանրաքվեն հակասահմանադրական միջոցառում է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ իր կուսակցությունը 2014թ. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին» է ներկայացրել իր հայեցակարգը, որն այդպես էլ չի քննարկվել: Նրա խոսքով` չնայած դրան, հանձնաժողովը շարունակել է պնդել, թե այլընտրանքային հայեցակարգ չկա, այսինքն` խախտել է Սահմանադրությունը:
«Չեմ կարծում` տրմադրվածություն կա այս դիմումին պատասխանելու, բայց հույս ունենք` սա կզգաստացնի իրենց»,- ասաց Պարույր Հայրիկյանը` նշելով, որ ՀՀ վերաքննիչ դատարանում է գտնվում հանձնաժողովի հակասահմանադրական գործունեության մասին իր հայցադիմումը, ինքն արդեն իսկ հիմք է` հանրաքվեն կասեցնելու համար:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին:





























