ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային զինծառայող Ռուդիկ Թովմասի Մանասերյանի վիճակը բավարար է: Նա օգոստոսի 31-ին ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գոտում ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վնասվածք էր ստացել: 19-ամյա Ռուդիկ Մանասերյանն այժմ Ստեփանակերտի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է: Զինծառայողին բուժող բժիշկ Նորայր Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նա վնասվածք է ստացել կրծքավանդակի վերեւի շրջանում, սակայն թոքը չի վնասվել: «Հիվանդի  գիտակցությունը տեղն է, իրեն նորմալ է զգում, կարողանում է քայլել»,-ասաց բժիշկը եւ հավելեց, որ առաջիկա երկու օրերի ընթացքում Մանասերյանը կտեղափոխվի Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալ: Բժշկի խոսքով՝ հիվանդը երկար բուժման կարիք ունի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին  համապատասխան քայլերի եւ, հակառակորդին պատճառելով կորուստներ, հետ էին  շպրտել իր ելման դիրքերը: Տեղի ուեցածի հետեւանքով ադրբեջանական բանակի երկու զինվոր զոհվել են: