Մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանում Ռոսավիացիայից նամակ են ստացել 2015-ի նոյեմբերի 14-ից Egypt Air ավիաընկերության թռիչքները դեպի Ռուսաստան արգելելու մասին։
Եգիպտական ազգային ավիափոխադրողը նաեւ դադարեցրել է դեպի Մոսկվա չվերթների տոմսերի ամրագրումը։ Ինչպես հաղորդել են Egypt Air-ից, «համակարգը հնարավորություն չի տալիս ռուսական ուղղությամբ ավիատոմսեր ամրագրել»։
Մինչդեռ Կահիրեում գտնվող եւ դեպի Ռուսաստան ուղեգրեր տրամադրող զբոսաշրջային գործակալությունից հաստատել են, որ «նոյեմբերի 14-ից համակարգում անհետացել է ուղիղ չվերթ ամրագրելու հնարավորությունը», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015-ի նոյեմբերի 6-ին համաձայնել էր Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հանձնարարականներին՝ դադարեցնել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը, մինչեւ «Կոգալիմավիային» պատկանող A321-ի աղետի պատճառների պարզաբանումը։





























