Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 13–ին, Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատական հերթական նիստին հարցաքննվեց վկա Աննա Սիմոնյանը։

Վկան մշտապես բնակվում է Գրիգորյաններին պատկանող «Վարդբաղ» հանգստյան գոտու տարածքում, երբեմն նաև հավաքարարություն է անում: Աննա Սիմոնյանն իր ցուցմունքում մշեց, որ «Վարդբաղ» տարածքում բնակվում է 2011թ. նոյեմբերից, և այդ ժամանակվանից մինչև 2013թ. ձմեռն ընկած ժամանակահատվածում «Հարութ ձյաձյան» (Հարություն Գրիգորյանը) գրեթե օրումեջ առավոտյան ժամը 9-ից մի աղջկա հետ այցելել է «Վարդբաղի» տնակներից մեկն ու այնտեղ մնացել մինչև ժամը 11-ը:

Վկան նկարագրեց, որ աղջկան տեսել է միայն թիկունքից, ու այդ աղջիկը եղել է շիկահեր: Իսկ մի անգամ իր ինչ-որ ծանոթ հայտնել է, թե Հարություն Գրիգորյանի ընկերուհին ամուսնու հետ եկել է «Վարդբաղ»: Ինքն անմիջապես գնացել է մատնանշված զրուցարանի մոտ ու տեսել, որ այնտեղ նստած են Արման Կատունյանն ու նրա կինը:

Վկան անընդհատ պնդում էր, թե Հարություն Գրիգորյանի ընկերուհին եղել է Արման Կատունյանի կինը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների հարցերին պատասխանելիս հայտնեց, որ երբ նկատել է Արման Կատունյանի կնոջը, վերջինս ունեցել է շատ ավելի մուգ գույնի մազեր, քան այն աղջիկը, որին ինքը մշտապես տեսել է Հարություն Գրիգորյանի հետ:

Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, ապա նաև դատավորը ապարդյուն փորձում էին վկայից պարզել, թե ինչ ծանոթ է նրան ասել, թե Հարություն Գրիգորյանի ընկերուհին ամուսնու հետ գտնվում է զրուցարաններից մեկում, վկան պնդում էր, թե չի հիշում, թե ով է ասել: Անպատասխան մնաց նաև պաշտպանի ու դատարանի հարցն այն մասին, որ եթե վկան չի հիշում, թե ով է իրեն նման տեղեկություն փոխանցել, այդ դեպքում ինչպես է պնդում, թե ասողն իր ծանոթներից է եղել:

Նշենք, որ վկայի հարցաքննության համար դատարանը ռուսերեն թարգմանչի էր հրավիրել, սակայն վկան հիմնականում պատասխանում էր հայերեն։

Վկայի հարցաքննությունից հետո դատախազը դատարանին ներկայացրեց գրություն, ըստ որի, ոստիկանության ստացած օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Հարություն Գրիգորյանի սպանության գործիք ատրճանակն իրոք պատկանել է վերջինիս, և որ նա այդ ատրճանակը ձեռք է բերել Գյումրի քաղաքում:

Հաջորդ դատական նիստի ընթացքում դատարանը հարցաքննելու է Շիրակի մարզի Գետք համայնքի ղեկավարին, որն առաջինն է ահազանգել ոստիկանություն դիակը հայտնաբերելուց հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։

Դրանից հետո քաղաքում լուրեր էին տարածվել, որ Կատունյանը, որը Վարդեւան Գրիգորյանի հարեւանն է, կասկածներ է ունեցել, որ ռեկտորի եղբայրը սիրահետում է իր կնոջը, եւ խանդի հողի վրա է նրան սպանել։

Կատունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։