Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհներն ու դրանց դեմ պայքարը շարունակվում են արդեն մի քանի օր: Դրանք հասել են արդեն մայրաքաղաք Աթենքին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կոստաս Կարամանլիսը: «Իրավիճակը շարունակում է մնալ բարդ: Ողջ գիշեր ցամաքային ուժերը ամեն ջանք գործադրելու են կրակի բոլոր ուղղություններով»,- երեկ երեկոյան լրագրողներին ասել է Կարամանլիսը:
Հրշեջները խոստովանում են, որ չեն կարողանում աղետի վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնել, քանի որ դրա համար բավարար ուժեր չունեն: Նրանց օգնելու համար 340 զինվորից բաղկացած զորամիավորում է կցվել հրշեջներին, և ավելի քան 100 տարբեր կարգի տեխնիկական մեքենաներ: Արևելյան Ատտիկայի պաշտոնյաներն արտակարգ իրավիճակ են հայտարարել աղետի գոտում: Տարհանվել են տեղի երկու հիվանդանոցներ, ինչպես նաև մի քանի մանկական ճամբարներ: Ուժեղ քամիները, որոնց ուղղությունն անընդհատ փոփոխվում է, ինչպես նաև օդի չափազանց բարձր ջերմաստիճանը, բարդացնում են հրշեջների և կամավորների աշխատանքը:
Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Հունաստանի իշխանությունները լուծում են մարդկանց զանգվածային ստիպողական տարհանման հարցը: Անտառային հրդեհները սպառնում են նաև հարված հասցնել հակահրթիռային պաշտպանության ռազմական բազաներից մեկին: Այժմ այնտեղից տարհանում են հրթիռներ և ռազմական նշանակության այլ տեխնիկա: Հրդեհների առաջխաղացումը կանգնեցնելու նպատակով Հունաստանին իրենց աջակցությունն են ցուցաբերում Իտալիան, Ֆրանսիան և Կիպրոսը, որոնք հրշեջ ինքնաթիռներ են ուղարկել Հունաստան:



















