«Ազգ»-ի մեկնաբանն անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Վանա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուվցլիք Սուրբ պատարագին: «Հայաստանի իշխանությունները, ինչպես կարելի է ենթադրել նրանց խոսնակների ու լրատվամիջոցների պահվածքից, չեն խրախուսում հայերին ներկա գտնվելու Սուրբ պատարագին: Մեր երկրի առաջին դեմքերը դառնացած ու մինչեւ հոգու խորքը վիրավորված են թուրքերից` վարչապետ Էրդողանից, արտգործնախարար Դավութօղլուից եւ մասամբ` մշտապես բեղերի տակ ժպտացող նախագահ Գյուլից: Պատճառը պարզ է` թուրքերը երկու տարի «ֆուտբոլ խաղալուց» հետո ոչ միայն վերջ չտվեցին Հայաստանի շրջափակմանը, չհաստատեցին դիվանագիտական կամ այլ կարգի հարաբերություններ Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի հարցում շարունակեցին իրենց ադրբեջանանպաստ կեցվածքը, այլեւ սպառնացին, թե Թուրքիայից կվտարեն «հազարավոր հայաստանցիների»: Ու հիմա իրենց թուրք գործընկերներից վիրավորված Հայաստանի իշխանությունները գործի են դրել իրենց «ծանր հրետանին»` իշխանամետ գործիչները, քաղաքագետները, պատմաբան-արեւելագետները, լրագրողները հայաստանցիներին խելք են սովորեցնում, թե` գիտե՞ք, պետք է ընդհանրապես հրաժարվել Վան գնալուց եւ պատարագին մասնակցելուց, քանի որ թուրքերը դա շահարկելու են»:
Հրապարակման հետագա տողերում կարդում ենք. «Անկասկած, թուրքերը շահարկելու են: Իսկ եթե որեւէ հայ, անգամ պոլսահայ, չգնա Աղթամար, ինչը բացառվում է, թուրքերը դա չե՞ն շահարկելու: Ինչպես 2007-ին, երբ որպես թանգարան վերաբացվում էր Սուրբ Խաչը, այնպես էլ այսօր, Թուրքիան շատ լավ հաշվարկ է կատարել եւ փորձելու է սեպտեմբերի 19-ի Սուրբ պատարագը համաշխարհային հանրությանը հնարավորինս «թանկ վաճառել»: Եվ այդ հարցում մի քանի հարյուր հայերի ներկայությունը կամ բացակայությունը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի փոխելու»,-գրում է «Ազգ»-ը:




























