Իսրայելցի զինվորականին մեղադրել են դիակապտության, գողության, գողոնի շրջանառության եւ զինվորական կանոնագրքի խախտման մեջ: Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով, նա թալանել էր «Ազատության նավատորմի» Mavi Marmara նավը, երբ այն գրոհից հետո տեղափոխել էին իսրայելական նավահանգիստ:

Հետաքննություն սկսելու պատճառ է դարձել ուղեւորների բողոքը, որոնք ազատ արձակվելուց հետո ունեցվածքի կորուստներ էին արձանագրել: Քննիչներին հայտնի է դարձել, որ գողացված սարքավորումները փորձել են վաճառել իսրայելական բանակում: Կասկածյալների շարքում են բարձրաստիճան զինվորականներ, որոնց հանձնարարվել էր հսկել նավը Աշդոդի նավահանգստում: Մեղադրանք էր ներկայացվել երկու զինվորականների, որոնցից մեկը հերքել է, իսկ մյուսը խոստովանել իր մեղքը: Երկուսի նկատմամբ էլ դատական հետապնդում է իրականացվելու:

Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» նավերը: Սպանվել էին գործողության 9 մասնակիցներ, բոլորն էլ թուրքեր: