Հայաստանյան ներքաղաքական կյանքի կարեւորագույն հարցերից է սահմանադրական բարեփոխումների անցկացումը: Մեկնարկել է քարոզարշավը: Մինչ «այո»-ի կողմնակիցները շարունակում են հանրությանը ներկայացնել բարեփոխումների բուն էությունը եւ առավելությունները, նրանց ընդդիմախոսները խոսում են ամեն ինչից, բացի բարեփոխումների բովանդակությունից՝ հրապարակ նետելով իրականությունից հեռու «թեզեր»: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Փորձելով արժեզրկել բարեփոխումների նշանակությունը՝ ընդդիմախոսներից մի քանիսը, օգտվելով հանրության որոշ հատվածի սոցիալական ոչ բարենպաստ վիճակից, նշում է, որ սահմանդրական բարեփոխումներն ուղղակիորեն չեն բարելավի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը»,- ասել է Շարմազանովը:
Նրա խոսքով, նման պարզունակ թեզ նետելը հրապարակ, «մեղմ ասած, անհեթեթություն է, քանի որ ցանկացած երկրում, կրկնում եմ ցանկացած ժողովրդավարական երկրում սահմանադրական բարեփոխումների նպատակը համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, այլ ոչ թե բարեփոխում օրինակ երշիկի էժանացման վերաբերյալ:
Նույն տրամաբանությամբ, ինչպես սահմանադրական բարեփոխումների անցկացումը, այնպես էլ օրինակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարբեր պետությունների կողմից ուղղակիորեն չի կարող բարելավել մեր քաղաքացիների սոցիալական վիճակը: Հիմա ի՞նչ, հրաժարվե՞նք պահանջատիրությունից»:





























