Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել ԱՄՆ հանրային հեռուստատեսության ղեկավար Պաուլա Քերգերին` կոչ անելով ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Աղետ» ֆիլմը:

1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից մեկուկես միլիոն հայերի ոչնչացման, այնուհետեւ` թուրքական պետության ժխտողական քաղաքականության հետեւանքների մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է գերմանական Հանրային հեռուստատեսության պատվերով: Ֆիլմի ռեժիսորը գերմանացի Էրիկ Ֆրիդլերն է:

Գերմանիան մինչեւ այժմ չի ճանաչել 1915 թվականի իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն:

Ֆիլմի տեւողությունը 90 րոպե է, որի մեծ մասը վավերագրական կադրեր են:

Սցենարը կառուցված է եվրոպական ու ամերիկյան աղբյուրների վրա: Ֆիլմում օգտագործվել են նաեւ նախկինում չհրապարակված վավերագրական բացառիկ փաստեր, որոնք ցեղասպանության ականատեսների, հիմնականում` դիվանագետների վարած նամակագրությունն են ներկայացնում:

«Այդ փաստերը առաջին ձեռքից են ստացվել», - ֆիլմի ստեղծմանը անդրադառնալով` գրել է գերմանական Spiegel-ը` ներկայացնելով նաեւ հատվածներ ֆիլմում հնչած տեքստից:

Վկայակոչվում են 1917 թվականին Արեւելյան Անատոլիայում գտնվող Խարբերդ նահանգում ամերիկյան հյուպատոս Լեսլի Դեյվիսի խոսքերը, որն իր նամակներից մեկում գրել է. «Մարդասպանություն բառը, ինչքան էլ այն սարսափելի լինի, տեղի ունեցածի հետ համեմատած ուղղակի մեղմ է հնչում»:

«Աղետ»-ում նշվում է, թե ցեղասպանությունից հետո Թալեաթն իր մոտ է կանչել Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ավելի ուշ պիտի գրեր, որ թուրք պաշտոնյան իրենից պահանջել է ամերիկյան ապահովագրական ընկերությունների` New York Life Insurance-ի եւ Equitable Life of New York-ի հայ հաճախորդների անունները: «Հայերն արդեն մահացել են եւ չունեն ժառանգներ, իսկ նման դեպքում կառավարությունը նրանց ունեցվածքը տնօրինելու իրավունք ունի», - իր պահանջը հիմնավորել է թուրք պաշտոնյան: Ամերիկայի դեսպանը մերժել է նրա պահանջը կատարել», - գրում է Spiegel-ը:

Մի քանի տարի առաջ ցեղասպանության զոհերի ժառանգները շուրջ 37.5 միլիոն դոլարի փոխհատուցում ստացան New York Life Insurance եւ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերություններից։

«Դա մի ֆիլմ է, որը պետք է դիտի յուրաքանչյուր ամերիկացի, եւ ամերիկյան Հանրային հեռուստատեսությունն էլ ստեղծվել է նմանատիպ տեսանյութեր հեռարձակելու համար: Ցուցադրելով այդ ֆիլմը` ալիքը հեռուստադիտողին կմատուցի դաստիարակչական բավականին լուրջ ծառայություն», - Հանրայինի ղեկավարին հղած իր նամակում փաստարկել է դեմոկրատ Ադամ Շիֆը:

Ամերիկայում ֆիլմն արդեն իսկ ցուցադրվել է, չնայած` հանդիսականների նեղ շրջանակում. Ադամ Շիֆի նախաձեռնությամբ այն առաջին անգամ դիտել են ԱՄՆ Կոնգրեսում` այս տարվա հուլիսի վերջին: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: