Հայ ազգային կոնգրեսը սկսելու է Ազատության հրապարակը վերանվաճելու գործընթաց: Այս մասին սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ Ազատության հրապարակում հանրահավաքն արգելելու որշումն ապօրինի է եւ կայացվել է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով էլ այդ մասին համապատասխան հրահանգ է իջեցրել քաղաքապետարանին:

Զուրաբյանն ասաց, որ միացյալ ընդդիմությունն իշխանությանը հարցը «բանական ժամկետում լուծելու հնարավորություն» է տալիս, իսկ սեպտեմբերի 17-ին նախատեսված հանրահավաքը կանցկացվի Մատենադարանի մոտ: Բացի այդ, ՀԱԿ-ն սկսելու է ամեն օր հայտեր ներկայացնել քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու նպատակով: «Իշխանությունները զբաղված են սաբոտաժով եւ առանց որեւէ պատճառաբանության փորձում են ամեն կերպ արգելել ընդդիմության հանրահավաքները հայկական ժողովրդավարության օրրանում` Ազատության հրապարակում»,-ասաց նա:

ՀԱԿ համակորգողը նաեւ հայտարարեց, որ այս ընթացքում Կոնգրեսը կանի հետեւյալ քայլերը՝ դատական կարգով կվիճարկվեն հանրահավաքը մերժելու որոշումները, ընդհուպ՝ կդիմեն Եվրոպական դատարան, եւ իրավիճակը կներկայացնեն միջազգային կառույցներին:

«Եթե իշխանություններն ի գիտություն չընդունեն հանրահավաք անցկացնելու մասին մեր իրազեկումները, միացյալ ընդդիմությանն այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակը վերանվաճելու գործընթաց»,-հայտարարեց Զուրաբյանը: Նա միաժամանակ հավելեց, որ գալիք հանրահավաքների անցկացման տեղի ու ժամի մասին ՀԱԿ-ը կհայտարարի սեպտեմբերի 17-ի հանրահավաքում: