Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ենթադրում է Հայաստանում ժողովրդավարության մակարդակի բարձրացում: Այդ մասին նոյեմբերի  21-ին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ֆինանսա-վարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը:  

Նրա խոսքով, իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները էականորեն կընդլայնեն ընդդիմության լիազորությունները եւ կմեծացնեն  որոշումների ընդունման գործում հանրության դերը: 

«Բարեփոխումները ենթադրում են ընդդիմության մասնակցություն կարեւորագույն որոշումների ընդունմանը, այդ որոշումները չեն կարող ընդունվել, առանց նրա համաձայնության:  Օրինակ, խորհրդարանական մեծամասնությունն այլեւս չի կարողանա ներքին պայմանավորվածությունների ուղիով նշանակումներ անել առանցքային պաշտոններին: Իսկ ընդդիմությունը կկարողանա այս կամ այն երեւույթի հետաքննության հանձնաժողովներ ստեղծել», - նշել է Մինասյանը:

Բացի այդ, հավելել է նա, փոփոխությունները կկարողանան ապահովել դատարանի անկախությունը:

Սահմանադրական փոփոխությունների հանդեպ երկրի քաղաքացիների անվստահությունը քաղաքական գործիչը կապում է անտեղյակության հետ եւ կոչ է անում աշխատել տեղեկացվածության ընդլայնման ուղղությամբ: 

Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հանրաքվեն, որը նախատեսում է անցում խորհրդարանական կառավարման, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: