«Ահա եւ տոնեցինք Արցախի անկախության հռչակման 19-րդ տարեդարձը։ Իսկ ընդամենը մի քանի օր անց՝ սեպտեմբերի 21-ին, կտոնենք նաեւ Հայաստանի Անկախության օրը, որը միգուցե ճիշտ կլիներ անկախության վերականգնման օր անվանել, որը երեւույթի բովանդակությանն ավելի է համապատասխանում»,-գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը:

«Անկախության տոնը ցանկացած ազգի ու պետության կյանքում գլխավորներից է, եթե ոչ՝ ամենագլխավոր տոնը։  Իսկ նման տոնի առումով, պատմական իրադարձությունների բերումով, մենք հարուստ ենք՝ Մայիսի 28, Սեպտեմբերի 21 եւ, իհարկե, Արցախի Անկախության տոնը՝ սեպտեմբերի 2։ Տոների առատությունը, սակայն, տոնական տրամադրություններ չի հավելում։ Հարցը, գիտեք, միայն տաշի-տուշի անելը եւ «մի լավ ուտել-խմելը» չէ։ Անկախության տոնը «ուտուշ-խմուշի» իրադարձություն չէ։ Դրա համար Նոր Տարի կա։  Չէ, իհարկե, Անկախության տոնին էլ կարելի է ե՜ւ սեղան բացել, ե՜ւ մի-մի գավաթ կոնյակով շնորհավորել միմյանց։ Կարելի է։ Բայց տվյալ դեպքում խնդիրն այդ չէ, այլ այն, որ Անկախության տոնի իրադարձությունն իրեն արժանի տոնականությամբ օրացույցի մյուս «թերթիկներից» առանձնացնելու համար, նախ, անհրաժեշտ է այդ իրադարձության արժեքն ու նշանակությունը գնահատել, հասկանալ դրա կարեւորությունը։ Հարկավ, այնպես չէ, թե մեր հասարակության մեջ այդ ամենն ընդհանրապես չկա։ Քավ լիցի։ Սակայն, ընդհանուր առմամբ, որքան էլ ցավալի է, մեր հասարակության մի ստվար հատված ոչ Անկախության տոնն է տոն համարում, ոչ էլ դրա արժեքն ու նշանակությունն է գնահատում։ Մեր այդ հայրենակիցներին դժվար չէ «առանձնացնել»։ Նրանք այն մարդիկ են կամ նրանց մեծ մասը, որ խորին համոզմունքով ու սրտանց ասում են. «Էս երկիրը երկիր չէ, էս ազգը ազգ չէ»,-եզրակացնում է թերթի վերլուծաբանը: