Թուրքիայի Իզմիրի շրջանում գտնվող պատմական «Ալիանո»-ն  ջրի տակ հայտնվելու վտանգի տակ պահող թուրքական իշխանություններին քննադատած երգիչ Թարքանի եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարի ոչ այնքան հաճելի երկխոսության է միացել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը` պաշտպանելով Թարքանին:

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ`  Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարը քննադատել է շրջակա միջավայրի պահպանության նախարարին, ով Թարքանին խորհուրդ էր տվել քիթը չխոթել այնտեղ, որտեղ ինքը բան չի հասկանում: Ըստ Էրթուղրուլ Գյունայի` շրջակա միջավայրի նախարարը իր մտքերը արտահայտելիս գերազանցել է թույլատրելի չափը, քանի որ արվեստագետ ընկերների զգայունությունը մշակույթի եւ պատմական արժեքների նկատմամբ չի կարող անհանգստացնել իրենց: «Ընդհակառակը, այն մեզ ուրախացնում է: Եթե մտավորականները, արվեստագետները այս հասարակությանը տեր չկանգնեն, ո՞վ է նրանց լուսավորելու:  Ես ցանկանում եմ, որ արվեստագետների զգայունությունը ավելանա եւ շարունակվի»,- նշել է մշակույթի եւ տուրիզմի նախարարը:

Նշենք, որ Թարքանը հայտարարել էր, թե Իզմիրի նահանգի Գերգամա շրջանում  գտնվող պատմական «Ալիանո» վայրի պահպանության հետ կապված օրենքը չի կիրառվում, ինչին ի պատասխան, շրջակա միջավայրի պահպանության նախարարը հակադարձել էր Թարքանին` ասելով. «Եթե ես թողնեմ ջրամբար կառուցելը եւ սկսեմ երգել, գործերն այլ կերպ կգնան։ Դրա համար, թող Թարքանը շարունակի երգել։ Արվեստագետ ընկերը թող արվեստով հետաքրքրվի։ Եթե ամեն մեկը քիթը խոթի այնպիսի տեղ, ինչից բան չի հասկանում, շատ սխալ կլինի»,-ամփոփել էր թուրք նախարարը։