Գյուղերում մարդիկ շատ լավ են ապրում, դրա համար պատգամավորներն ինչպես ասեն, մարդիկ այնպես էլ քվեարկելու են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը՝ հավելելով, որ ինքն էլ է ընդգրկված սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավում։

«Մեր գյուղացիները ասում են՝ մեր պատգամավորը ոնց ասի, տենց ա լինելու։ Մեր գյուղերում ինչ խնդիր ունենում են  գյուղացիները, դիմում են իրենց պատգամավորին, պատգամավորն էլ ասում է՝ «այո» քվեարկեք ու  վերջ»,-պարզաբանել է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը։

Ըստ նրա՝ եթե մարդիկ ուզոմ են, որ իրավիճակ փոխվի երկրում, պետք է քվեարկեն այս փոփոխությունների օգտին։

«Եթե էսօր լավ չի, ինչի՞ են ասում «ոչ» սահմանադրական փոփոխություններին։ Դե թող ասեն «այո», որ փոխվի։ Եթե իշխանություններն էսօր ասեր՝ «ոչ»-ի կողմնակից է, հակառակորդները՝ կասեին «այո»։ Ուզում եք, որ մարդկանց հարյուր տոկոսը գո՞հ լինեն իշխանություններից․․․ Հիմա, էսօր մենք «այո» ենք ասում»,-ասել է պատգամավորը՝  չպատասխանելով հարցին, թե նոր Սահմանադրությամբ հատկապես ինչ փոփոխություններ են տեղի ունենալու։