Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ դառնալուն պես նորանոր հնարքներ է հորինում՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների իրավունքները սահմանափակելու համար:

Անցած շաբաթավերջին ԱԺ-ն հրապարակել է լրագրողների հավատարմագրման նոր կարգը, որը ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցների իրավունքների ոտնահարում:

Մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ստորագրությամբ այդ կարգի 21-րդ հոդվածում նշված է. «Հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն ԱԺ նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաեւ ԱԺ-ում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է հասարակայնության հետ կապերի վարչությունը»: Նշենք, որ քառօրյա նիստերը տեղի են ունենում երեք շաբաթը մեկ, եւ առնվազն երկու շաբաթ ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները ցանկանում են իրենց ապահովագրել լրագրողների անցանկալի ներկայությունից: Ի դեպ, նման կարգ երբեւէ չի գործել, եւ սա առաջին դեպքն է, երբ հավատարմագրված լրագրողների դեմ նման արգելքներ են հարուցելու: Ի դեպ, նախորդ նստաշրջանի ընթացքում Հովիկ Աբրահամյանը որոշում էր կայացրել՝ հեռուստաօպերատորներին նիստերի ժամանակ ԱԺ դահլիճ թողնել ընդամենը կես ժամով, որ նրանք հանկարծ չարձանագրեն դատարկ դահլիճը, կամ ԱԺ նիստերի դահլիճում քնած պատգամավորներին:

«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԱԺ-ում հավատարմագրման նոր կարգը, նշեց. «Դա լրագրողների նկատմամբ „հոգատարության“ դրսեւորում է: Ես դեռ ամիսներ առաջ եմ գրել, որ Ազգային Ժողովում „մկնագրիպի“ վիրուս է մոլեգնում, եւ Ազգային ժողովի ղեկավարությունը չի ցանկանում, որ լրագողները վարակվեն դրանով: Չի բացառվում, որ անգամ որոշում կայացնեն, որ լրագրողներն ԱԺ մտնեն դնչկալներով, իսկ չենթարկվողներին տուգանեն 5 հազար դրամով»: «Տարեգրի» խմբագիրը նաեւ նկատեց, որ իշխանություններն անսպառ երեւակայություն ունեն մարդկանց իրավունքները ոտնահարելու գործում: «Դա ողջամտության սահմաններից, բանականության սահմաններից դուրս է: Դրանք այնպիսի բաներ են անում, որ մեկնաբանության ենթակա չեն»,- ասաց Վասակ Դարբինյանը:

«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանն էլ, մեկնաբանելով նոր կարգը, արձանագրեց. «Վարչախումբը շարունակում է ամեն կերպ ինքն իրեն մեկուսացնել հասարակությունից: Եթե այսպես շարունակվի, լրագրողների մուտքն ընդհանրապես կարգելվի եւ ԱԺ, եւ կառավարություն, եւ քաղաքապետարան: Կառավարությունը ավելի վաղ էր քայլ կատարել լրագրողների ազատությունը սահմանափակելու: ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները ցանկանում են վայելել իրենց ազատությունն առանց լրագրողների»: Գեղամ Նազարյանը նշեց, որ դա խոսքի ազատության հեթական սահմանափակումն է: «Սահմանափակում են մարդու լրատվություն ստանալու իրավունքն ու ազատությունը»,- ասաց «Հայքի» խմբագիրը:

ԱԺ հավատարմագրման կարգը սխալ է համարում նաեւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: NEWS.am-ի հետ զրույցում վերջինս նշեց. «Դա սխալ է, որովհետեւ լրագրողների նորմալ աշխատանքին խանգարում է: Մենք հաճախ հարցեր ենք ունենում, որ անմիջական նիստերի հետ կապված չեն: Ազգային Ժողովը պետք է ամենաբացը լինի, եւ բաց լինելն իրենց համար է օգտակար»:

Իշխանամետ «Հայոց աշխարհ» օրաթերթից հրաժարվեցին մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ առանձին հրապարակմամբ կանդրադառնան հավատարմագրման կարգին:

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը, մեկնաբանելով ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգը, նշեց. «Ես կտրականապես չեմ ընդունում սահմանափակելու մեղադրանքը, եւ դա համարում եմ անհիմն»: Ավելին, ըստ Պետրոսյանի, հավատարմագրման նպատակը ԱԺ գործունեության լուսաբանումն է, եւ լրագրողները ցանկության դեպքում կարող են հանդիպել պատգամավորներին եւ հարցեր տալ: