Սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային կառույցը հայտնվել  է իրավապահների ուշադրության կենտրոնում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այստեղ ստուգումներ են անցկացվել ու չարաշահումներ հայտնաբերվել: Մանսավորապես, խոսքն այն բաժնի մասին է, որի մեջ մտնում է նաեւ Դեբեդ գյուղի սպասարկումը:

Նախնական տեղեկություններով` պարզվել է, որ  այս  տարածքով զբաղվող բաժնի  պատասխանատուն  գյուղացիներից գումարներ է պահանջել նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար` պայմանով, որ առաջին ամսվա գումարն ինքն է ստանալու: Այսպիսի բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել, որոնք առայժմ քննության փուլում են:

Դեբեդի գյուղապետ Արարատ Քոչարյանը  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել նման տեղեկություն, սակայն մանրամասներից տեղյակ չէ: «Դա գյուղապետարանի հետ կապ չունի, ուղղակի  փոստն է էստեղ,  էստեղից են թոշակներն ու նպաստները ստանում: Ես ոչնչից տեղյակ չեմ: Ես էլ եմ լսել, որ  քննիչները աշխատում են  նպաստների հետ կապված: Երեւի ամեն ինչ պարզ կլինի քննությունից հետո»,-ասաց Արարատ Քոչարյանը: