Լեւոն Զուրաբյանը ընտրական հանձնաժողովում իրենց  ներկայացուցիչներին կաշառելու փաստը թող ներկայացնի դատախազություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր` նոյեմբերի 27-ին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն` անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ ընտրատեղամասերում ՀԱԿ կուսակցության անդամներին փորձել են կաշառել եւ այդ մասին վկայող  ապացույցներ կան:  Զուրաբյանը հայտարարել էր, որ  կան համապատասխան ձայնագրություններ, որոնք պատրաստվում են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

«Երեւույթը, որ փորձել են տարբեր բանակցություններ կամ չգիտեմ խոսակցություններ վարել, դրանք այլ հարթության մեջ են, բայց կաշառքի փաստը այլ հարթության մեջ է:  Լեւոն Զուրաբյանը նախկինում հայտարարել էր, որ կաշառել են տարբեր եվրոպացի գործընկերների ու չվստահելով իրավապահ  համակարգին` չէր տալիս փաստերը:  Եթե գյուղամեջում իրար հետ զրուցել են ու ենթադրել են, որ սա կաշառելու փորձ է, թե կոնկրետ գնացել առաջարկել են,  սրանք տարբեր են: Դրա համար, որ մենք ենթադրությունների մեջ չմտնենք, թե ինչ նկատի ունի, թողնենք Լեւոն Զուրաբյանը դիմի դատախազություն, նոր դա  քննարկենք»,-ասաց  ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը բացի իրենց ներկայացուցիչներին կաշառելու  փորձերից, բարձրաձայնել է նաեւ դպրոցներում ուսուցիչներին ու աշակերտների ծնողներին  «այո»-ի օգտին ստիպողաբար ցուցակագրելու մասին: