Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, Մոսկվայի “Քրոուն Պլազա” հյուրանոցում տեղի ունեցավ Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիայի` FILA-ի կոնգրեսը, որը հաստատեց 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի մասնակիցների ընտրության կարգը: Լոնդոնում ըմբիշները կվիճարկեց մեդալների 18 հավաքածու, յոթական`հունահռոմեական եւ ազատ ոճայինները, չորս հավաքածու էլ` կանայք: Օլիմպիական մրցաշարին կմասնակցի 338 մարզիկ: Ընտրությունը կանցկացվի չորս փուլով:

Առաջին եւ ամենախոշոր փուլը կլինի 2011-ի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ից 18-ը Ստամբուլում: Թուրքիայում կվիճարկվի 108 օլիմպիական ուղեգրեր, որոնք կստանան բոլոր երեք ոճերում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները:

Նախաօլիմպիական աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք կունենան միայն այն երկրները, որոնք 2011-ին մասնակցած կլինեն իրենց մայրցամաքային առաջնությանը եւ նույն քանակական կազմով:

Օլիմպիական երկրորդ ընտրական փուլը կլինեն 2012-ի մայրցամաքային առաջնությունները: Աֆրիկայի եւ Օվկիանայի առաջնությունները միավորված կանցկացվի: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչների մասնակիցները: Եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի 2012-ի ապրիլի 18-ից 22-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի 3-րդ եւ 4-րդ ընտրական փուլերը կլինեն համաշխարհային ընտրական մրցաշարերը, որոնք նշանակված են 2012թ. ապրիլի 25-ից 29-ը Չինաստանի Տայտան քաղաքում եւ մայիսի 2-ից 6-ը Հելսինկիում: Չինաստանում օլիմպիական ուղեգիր կստանան առաջին երեք տեղերը գրաված տղամարդիկ եւ կանանց եզրափակիչների մասնակիցները: Հելսինկիում ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները: